«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում արձանագրած ոչ-ոքիից (2:2) հետո խոստովանել է, որ ընթացիկ մրցաշրջանը կարելի է անհաջող համարել կատալոնյան ակումբի համար:
«Իհարկե, ֆուտբոլիստներն ընկճված են,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Վճռորոշ դարձավ Ռամիրեսի գոլն ընդմիջումից անմիջապես առաջ: Դա հոգեբանական հարված էր: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի հաղթենք: Հնարավորություններ ունեինք` «Նոու Կամպում» ավելի շատ գոլեր խփելու, 11 մետրանոց հարվածի իրավունք ստացանք, բայց պարզվեց, որ այդ ամենը քիչ է: Մրցակցի պաշտպանությունը ճեղքելը շատ դժվար էր: «Չելսին» հագեցրել էր հետին գիծը, ուստի մենք փորձում էինք ավելի լայն ճակատով հարձակվել: Հիմա պետք է աշխատենք մրցակիցների պաշտպանությունը կոտրելու խնդրի լուծման ուղղությամբ:
Այս խաղն ինձ հիշեցրեց «Ինտերի» հետ երկու տարվա վաղեմության կիսաեզրափակիչ հանդիպումը: Ինձ տխրեցնում է միայն այն, որ այս անգամ ավելի շատ ջանացինք, քան երկու տարի առաջ, սակայն արդյունքի չհասանք: Առաջիկա օրերին կփորձենք վերլուծել, թե որտեղ ենք սխալվել:
Պետք է շնորհակալություն հայտնենք Լիոնել Մեսսիին այն ամենի համար, ինչ արել է հանուն ակումբի: Իմ հիացմունքը նրա խաղից սահմաններ չունի: Մեսսին օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կատարելագործվել: Ծանոթ եմ նրա մարտական բնավորությանը և չեմ կասկածում, որ հիմա շատ ծանր ապրումներ ունի: Բայց հենց այսպիսի խաղերում է երևում ֆուտբոլի գեղեցկությունը: Մենք անհաջողության մատնվեցինք: Անկասկած, կան բաներ, որոնք ես կուղղեի, բայց այդպես էլ եզրափակիչ չհասանք: Շնորհավորում եմ «Չելսիին»: Իմ թիմը գոլային շատ հնարավորություններ կորցրեց ինչպես տանը, այնպես էլ «Ստեմֆորդ Բրիջում»: Ինչպե՞ս կարող եմ մեղադրել ֆուտբոլիստներին, եթե նրանք այդքան պահեր են ստեղծել 180 րոպեի ընթացքում: Պարզապես սա մեր տարին չէ: «Չելսիին» պետք է շնորհավորեմ նաև քաջության և հոգեբանական ամրության համար: Այդ թիմը հիանալի խաղաց պաշտպանությունում: Նրան հաջողություններ եմ մաղթում եզրափակչում:
Հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնը» կրկին հանդես կգա Չեմպիոնների լիգայում: Վերջին 4 տարում, ի դեպ, պարբերաբար լավ արդյունքներ ենք արձանագրում այդ մրցաշարում»: