Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի օգնական Այթոր Կարանկան
քննադատել է ՈՒԵՖԱ-ին, որը մերժել է Արքայական ակումբի դիմումը և սանկցիա
չի կիրառել Բարսելոնայի վեց ֆուտբոլիստների ու ակումբի գլխավոր մարզիչ Պեպ
Գվարդիոլայի նկատմամբ:
«ՈՒԵՖԱ-ն հարգանք և արդար խաղ է քարոզում, սակայն կազմակերպությունը ոչ
մի բան չձեռնարկեց, չնայած այն ամենին, ինչ տեղի ունեցավ անցյալ շաբաթ՝
«Սանտյագո Բեռնաբեո»-ում: Ֆուտբոլում կան որոշակի արժեքներ, որոնք ավելի
կարևոր են քան վաղվա հանդիպումը: ՈՒԵՖԱ-ն անպատիժ թողեց խախտումները, որոնց
համար, կանոններով հստակ սահմանված են պատիժներ: Իսկ ահա, Ռեալը, մի քանի
ամիս առաջ, այդ նույն կազմակերպության կողմից պատժվեց մի բանի համար, որը
պատիժների կանոնակարգով նախատեսված չէ: Դա խոսում է երկակի քաղաքականության
մասին»
«Վաղը խաղադաշտ դուրս կգան ֆուտբոլիստներ, որոնք անցյալ շաբաթ չեն
գործել արդար խաղի և մրցակցի նկատմամբ հարգանքի սահմաններում: Եվ դա տեսան
բոլորը: Կային նաև ռասիստական վիրավորանքներ: Մեր երկու ֆուտբոլիստները
նման ոչ մի բան թույլ չեն տվել իրենց, սակայն վաղը չեն կարողանա հանդես
գալ»
«Ինչևէ, միակ բանը, որ այժմ իմաստ ունի՝ դա փորձն է եզրափակիչ դուրս
գալու համար, որը կանցկացվի «Ուեմբլի»-ում: Մեր գլխավոր մարզիչն անհանգիստ է
իրեն զգում, որ խաղի ընթացքում չի կարողանա թիմի հետ լինել: Եվ շատ կարևոր
կլինի տոնել հաղթանակ և այն նվիրել նրան»-, մեջբերում է Կարանկայի
խոսքերը՝ Ռեալի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Բարսելոնա-Ռեալ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր, 23:45-ին:
|