Լոնդոնի Չելսիից կրած պարտությունից հետո, Տոտենհեմը գրեթե զրկվել է
ՉԼ-ի ուղեգրի տիրանալու հնարավորությունից: Շատ էր խոսվում, որ եթե
լոնդոնյան ակումբը զրկվի ՉԼ-ում հանդես գալու իրավունքից, ապա ակումբից
կհեռանան թիմի աստղեր Գարեթ Բեյլն ու Լուկա Մոդրիչը:
Այդ թեմային է անդրադարձել Տոտենհեմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը և
նշել է, որ ոչ միայն նրանք չեն լքի ակումբը, այլ Տոտենհեմը կփորձի ձեռք
բերել ևս մեկ-երկու բարձրակարգ ֆուտբոլիստների:
«Արդեն հոգնել եմ լսելուց, որ եթե Չեմպիոնների լիգա դուրս չգանք՝
կվաճառենք Բեյլին և Մոդրիչին: Այդպիսի բան երբեք տեղի չի ունենա: Ուժի մեջ է
այն, որ ձեռք կբերենք մեկ-երկու բարձրակարգ ֆուտբոլիստների, որպեսզի մյուս
մրցաշրջանում դուրս գանք Չեմպիոնների լիգա: Չեմ խոսել դեռևս ակումբի
նախագահի հետ, սակայն համոզված եմ, որ նա նույն կարծիքն ունի»,- նշել է
Ռեդնապը:
Նա անդրադարձել է նաև Չելսիի օրինակին՝ նշելով, որ լոնդոնյան այդ
ակումբը ծախսել է մեծ գումարներ, որպեսզի մնա մրցաշարային աղյուսակի վերին
հորիզոնականներում. «Չելսին այդքան գումար տվեց, որպեսզի կարողանա առաջին
տեղերում մնալ: Չեմ ասում, որ մենք ևս կծախսենք 75 միլիոն ֆունտ ստեռլինգ,
սակայն կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի առաջընթաց ապահովենք»:
|