
Երևանի «Փյունիկի» և Հայաստանի
հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը երկու ամսից ավելի անցկացրեց
Գերմանիայի Համբուրգ քաղաքում, որտեղ ենթարկվեց ծնկի վիրահատության։
Մանոյանը նախորդ շաբաթ ժամանեց Երևան և ներկայումս մարզվում է անհատական
ծրագրով։ Ֆուտբոլիստն ArmSport.am-ին պատմեց, թե ինչպես էր վնասվածքն
այսքան բարդացել։
- Նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին կայացած
«Միկա»-«Փյունիկ» խաղում ստացա վնասվածք։ Խաղից հետո պետք է վիրահատության
ենթարկվեցի, սակայն միայն կարեցին բացվածքները, ինչը սխալ որոշում էր։
Դրանից որոշ ժամանակ անց Երևանում վիրահատվեցի, սակայն այն չօգնեց։ Դեռ
ավելին, այդ վիրահատությունից հետո ավելի բարդացավ վնասվածքը։ Ստիպված էի
մեկնել Համբուրգ։ Գերմանիայում սկզբում ցանկանում էին առանց վիրահատության
բուժել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդպես հնարավոր չէ և կրկին
վիրահատվեցի, որից հետո մինչ օրս անցնում եմ վերականգնողական կուրս։
- Իսկ ե՞րբ կկարողանաս վերադառնալ ասպարեզ։
- Ներկայումս անհատապես եմ մարզվում և զուգահեռ շարունակում վերականգնողական կուրսը։ Մոտ մեկ ամսից կմարզվեմ թիմի հետ։
- Համբուրգում առաջին անգամ չէիր։ Երկու տարի առաջ դարձյալ այդ քաղաքում
վիրահատվել էիր։ Այս ամսիների ընթացքում միայնա՞կ էիր Համբուրգում։
- Ոչ։ Իմ կողքին էին Լևոն Հայրապետյանի ընտանիքի անդամները, որոնց
ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։ Իմ կողքին էր նաև ՀՖՖ-ի
նախկին աշխատակից Տիգրան Սիրունյանը։ Ինչ վերաբերում է նախկին
այցելությանս, ապա այն ժամանակ վիրահատել էին ձախ ծունկս, իսկ այժմ
վիրահատեցին՝ աջը։
- Համբուրգում որքանո՞վ հաջողվեց հետևել «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի ելույթներին։
- Բոլոր այն հանդիպումները, որոնք հեռարձակվել են, ես դիտել եմ։
«Փյունիկի» մեկնարկն անհաջող էր, քանի որ արդեն գավաթի խաղարկությունից
դուրս ենք մնացել։ Առաջնությունում աստիճանաբար ավելացնում ենք, և դա
բնական է, քանի որ այս տարի երիտասարդ ֆուտբոլիստների թիվն ավելի մեծ է, և
ժամանակ է պետք։ Խաղից խաղ «Փյունիկն» ավելի լավ հանդես կգա։
Հավաքականի վերաբերյալ ասեմ, որ Ռուսաստանի հետ խաղում մեր ընտրանին իր
հնարավորություններից ցածր հանդես եկավ։ Իմ կարծիքով, դա պայմանավորված էր
նրանով, որ այս կազմը միասին վաղուց հանդես չէր եկել, և գրանցված հաշիվն
էլ այդ պարագայում վատ չէ։
|