10:33
27.04.2011
"Բարսելոնա”-"Ռեալ” հանդիպման շուրջ կրքերը թեժանում են: Իսպանիայի գավաթը նվաճելուց հետո Ժոզե Մոուրինյոն ոգեշնչվել է և սարկազմով արտահայտվել Գվարդիոլայի հասցեին: Իսկ մինչ այդ Գվարդիոլան ասել էր, որ Մոուրինյոն երջանիկ կլիներ, եթե մրցավարը Պորտուգալիայից լիներ: Շրջանցել այդ խոսքերը և ձևացնել, թե ոչինչ չի պատահել, Ժոզեն պարզապես չէր կարող:
"Նախկինում մարզիչները բաժանվում էին երկու տեսակի. առաջինները երբեք չէին խոսում մրցավարների մասին, երկրորդ տեսակի ներկայացուցիչները, ինչպես և ես, միշտ քննադատում են նրանց սխալների համար, սակայն միևնույն ժամանակ նշում են վերջիններիս դրական կողմերը: Իսկ այժմ պարզվեց, որ կա նաև երրորդ տեսակը, որին պատկանում է միայն Պեպ Գվարդիոլան: Նա քննադատում է մրցավարների ճիշտ որոշումները: Նման բան ես երբեք չէի տեսել”, - հավելել է պորտուգալացին:
Բնականաբար, այսքանով այս պատմությունը չի ավարտվել, ինչպես կարող էր այն ավարտվել, երբ գլխավոր հերոսներից մեկը Ժոզե Մոուրինյոն է: "Բարսելոնայի” մարզիչն իր հերթին անպատասխան չի թողել այս հայտարարությունը և ասել հետևյալը.
"Կցանկանայի դիմել անմիջապես Մոուրինյոյին: Չորեքշաբթի երեկոյան մեր թիմերը հանդիպելու են խաղադաշտում, այնտեղ էլ կիմանանք, թե ով է մեզանից ուժեղ: Ես չեմ պատրաստվում մրցել նրա հետ մամուլի ասուլիսների ժամանակ: Այդ հարցում նա, իհարկե, մրցակցությունից դուրս է: Նրա աշխատելաոճում ինչ-որ հետաքրքիր բան կա, և ես գնահատում եմ դա, իսկ ինչ վերաբերում է նրա մարդկային հատկանիշներին, այստեղ ես սովորելու բան չունեմ”, - Պեպի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Լուսանկարը` Reuters-ի