«Պայմանավորվածություն ձեռք բերելով «Արարատ» ակումբի և Արկադի Անդրեասյանի հետ՝ փետրվարի 24-ին ժամանեցի Երևան և մարտի մեկին պայմանագիր ստորագրեցի: Այն հայերեն լեզվով էր և ես վստահելով ստորագրեցի: Պարզվեց, որ այնտեղ նշված է 40 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ նրանք չտրամադրեցին պայմանագրի իմ օրինակը»,- ասում է Պետուխովը:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ
Բելառուս դարպասապահը նշում է, որ իր համար իսկական պատմություն է դարձել բնակարանային հարցը. «Սկզբում մեկ բնակարանում ապրում էի ևս երկու ֆուտբոլիստի հետ: Անդրեասյանն ասել էր, որ երբ Բելառուսից ինձ կմիանա կինս, այդ երկու ֆուտբոլիստները կտեղափոխվեն այլ բնակարան: Սակայն ես ասացի, այստեղ համար չէ ապրելը, քանի որ տան տիրուհին անընդհատ առանց հարցնելու գալիս ներս էր մտնում, ասում էր այսինչ բանը լավ կախված չէ և այլն: Այսինքն աստեղ հնարավոր չէր ապրել կնոջս հետ: Կիրակի օր էր, երբ այդ կինը մտավ տուն և պահանջեց մեզ վճարել բնակարանի վարձը: Ես զանգահարեցի Անդրեասյանին և նա ասաց, որ այսօր կիրակի է, ինքը հանգստանում է ու ոչինչ չի կարող անել: Այդ կինը սպառնաց, որ ոստիկանություն կդիմի, իսկ Անդրեասյանն ասաց, որ մեզ դուրս հանի տանից: Այդպես կիրակի օրը իրերով հայտնվեցինք փողոցում,- պատմում է դարպասապահը:
ԷԿԶՈՏԻԿԱ ՕՐԲԵԼԻ ՓՈՂՈՑՈՒՄ
Ինձ առաջարկեցին տեղափոխվել Օրբելի փողոցում գտնվող տուն, որտեղ միասին ապրում են «Արարատի» յոթ ֆուտբոլիստ՝ երկու իվուարցի, երկու կամերունցի, մեկ տոգոլեզցի, մեկ բելգիացի և մեկ հայ: Այնտեղ սառը ջուրը տուն է անցկացված պատուհանից մտնող ռետինե խողովակով, չի տաքացվում, ցուրտ է նույնիսկ հիմա, հեռուստացույց չկա, չի աշխատում զուգարանը: Կոնֆլիկտն այսպես առաջացավ. Անդրեասյանն ինքն ինձ ասաց, որ բնակարան գտնեմ: Այդ ընթացքում ապրելով ընկերոջս տանը՝ ես ինքս անշարժ գույքի գործակալ գտա: Նրա հետ սկսեցի բնակարան փնտրել, չնայած որ իմ գործը մարզվելն ու ֆուտբոլ խաղալն է: Գտա նույն գնով ավելի հարմարավետ ու ավելի հանգիստ տեր ունեցող բնակարան ու խնդրեցի տեղափոխվել, քանի որ այդտեղ հնարավոր կլիներ ապրել կնոջս հետ: Իսկ նա ինձ ասաց, որ իմ պատճառով արդեն բնակարան են կորցրել ու չցանկացավ լսես այդ մասին: Բայց մեզ իրականում դուրս էին հանել վարձը չվճարելու պատճառով»:
Պետուխովը պատմում է, որ «Իմպուլսի» դեմ հանդիպումից առաջ Անդրեասյանը հեռացրել է իրեն մարզումից. «Հաջորդ օրը մարզման ժամանակ նա ինձ բոլորի ներկայությամբ հարցեց, թե ինչու եմ այդպես դժգոհ նայում: Ես պատասխանեցի, թե ինչպես կարող եմ գոհ լինել, որ գիշերն անցկացրել եմ այլ մարդու մոտ, չունեմ գումար ու պետք է կինս շուտով ժամանի: Նա ասաց տեղափոխվիր Օրբելի: Ես ասացի, թե ինչպես կտեղափոխվեմ Օրբելի, տեսե՞լ եք, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ: Այդտեղ չի կարող ապրել պրոֆեսինալ ֆուտբոլիստը: Անդրեասյանն ասաց, թե ինչո՞վ ես պակաս նրանցից: Եթե այդքան խելացի ես, հավաքիր իրերդ և վերադարձիր Բելառուս»:
ՊԵՏՔ Է ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՆՈՑՆԵՐ ՈՒՆԵՆԱՍ
Պետուխովին զարմացրել է այն, որ բնակարանից ու աշխատավարձից բացի ակումբում ոչ միայն չեն բավարարվել իր տարրական պահաջները, այլև տարօրինակ պահանջներ են ներկայացվել Արկադի Անդրեասյանի կողմից. «Արարատի» երկրպագուներն էին խնդրել ինձ թիմ վերադարձնել: Հանդիպեցի Անդրեասյանին, ասացի, որ զղջում եմ, որ նման կերպ եմ արտահայտվել, պայմանավորվածության եկանք և կրկին վերադարձա մարզումներին, սակայն չէին բավարարվում ամենատարրական պահանջները: Նույնիսկ դարպասապահի ձեռնոցներ խնդրեցի, նա պատասխանեց, որ պետք է իմն ունենամ: Բայց ձեռնոցները կաթիլ են ծովում՝ բնակարանի և աշխատավարձի համետությամբ: Անդրեասյանն ինձ պայման ներկայացրեց, որ աշխատավարձ կտա միայն այն դեպքում, եթե այն հայկական թիմը, որը ցանկանում է հունիսին ինձ ձեռք բերել, անձամբ իրեն գումար կվճարի: Հակառակ դեպքում, կվերդառնամ Բելառուս»,- պատմում է Պետուխովը:
ԳԺՎԵ՞Լ ԵՍ
Դարպասապահը նաև նշում է, որ ողնաշարի վնասվածք է ստացել Անդրեասյանի անցկացրած մարզումների արդյունքում.
«Մարզումների արդյունքում ողնաշարի վնասվածք էի ստացել: Զանգահարեցի հորս՝ Յուրի Պետուխովին, որը Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչն է: Նրան պատմեցի, այստեղի մարզումների մասին, որը պահանջում է բարձր արգելքների վրայով թռչել և իջնել կրունկների վրա: Հայրս ասաց, «գժվե՞լ ես ինչ է, այլևս չանես նման բան»,- պատմում է դարպասապահը: – Ցավեր ունեի, բայց սրսկումներով մասնակցեցի «Ուլիսի» դեմ վերջին հանդիպմանը: Մինչև ընդմիջում ցավերի պատճառով հասկացա, որ չեմ կարող շարունակել խաղը և խնդրեցի փոխարինվել: Սակայն Անդրեասյանը փոփոխություն չկատարեց և միայն երկրորդ կեսում գնդակ բաց թողնելուց հետո դուրս եկա խաղադաշտից»,- եզրափակեց Ալեքսանդր Պետուխովը: