
«Փյունիկի» գլխավոր մարզիչ
Վարդան Մինասյանը Հայաստանի առաջնության հինգերորդ տուրի խաղում «Շիրակի»
նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0) հետևյալ կարծիքը հայտնեց:
- Շատ նյարդային խաղ ստացվեց: Պետք է
առաջին կեսում իրացնեինք մեր հարյուր տոկոսանոց գոլային պահերը, որպեսզի
ավելի հանգիստ խաղայինք: Նորից կրկնեմ, որ «Շիրակն» այս տարի բավական լավ
տպավորություն է թողնում՝ շատ կազմակերպված թիմ է: Խաղը կարող էր նաև
ոչ-ոքի ավարտվեր, որովհետև իրենք պահեր ունեին երկրորդ կեսում: Կրկին կարող
եմ ասել, որ ինչ-որ տեղ մեր բախտը բերեց: Մեր խաղի որակի վրա ազդում են
նաև մեր հարկադրված փոփոխությունները: Կրկին վնասվածք ստացավ մեր
կենտրոնական պաշտպանը, բայց մեր ունեցած ֆուտբոլիստներով կարողացանք ինչ-որ
կերպ կարգավորել խաղը:
- Ինչու՞ էր բացակայում Մարկոսը:
- Մարկոսին հանգստանալու
հնարավորություն ենք տվել, քանի որ նրան դեռ խանգարում են վնասվածքները:
Նա մարզումներն էլ է բաց թողնում մինչև ամբողջական ապաքինումը:
- Խաղի ընթացքում ֆուտբոլիստները մի քանի անգամ փոխեցին դիրքերը: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
- Առաջին
տեղափոխությունը, երբ Յուսպաշյանը տեղափոխվեց պաշտպանություն, կապված էր
վնասվածքի հետ: Երկրորդ տեղափոխությունը կապված էր նրա հետ, որ առաջին կեսի
վերջին 15 րոպեում զիջել էինք դաշտի կենտրոնը և Արտակ Եդիգարյանը
տեղափոխվեց դաշտի կենտրոն: Ես գտնում եմ, որ դրանից խաղի որակը չընկավ ու
ավելի նորմալ խաղացինք: Լավ է, որ առանց փոխարինում կատարելու ենք անում
այդ տեղափոխությունները: Համենայն դեպս, ինչ արել ենք, լավ օրից չենք արել:
- Ձեր կարծիքը Գագիկ Պողոսյանի հեռացման վերաբերյալ: Նա ծափահարեց մրցավարին դեղին քարտ ստանալուց հետո:
- Պետք է պարզենք:
Համենայն դեպս, եթե հեռացվել է ուրեմն իրեն անվայել է պահել ու տեղին է
հեռացվել: Եթե իսկապես այդպես է եղել, ուրեմն ակումբի կողմից կպատժվի:
- Պանտիչի հեռանալուց հետո «Փյունիկը» դարպասապահի կարիք է զգալու:
– Այո, զգալու ենք:
Հունիսի մեկին, երբ կբացվի տրանսֆերային պատուհանը, կձգտենք նոր դարպասապահ
ձեռք բերել: Ինձ համար ամենակարևոր տեղերն են դարպասապահի ու գոլ խփող
հարձակվողի դիրքերը:
- Պանտիչը չարդարացրե՞ց սպասելիքները:
- Ո՛չ, մենք ռիսկի էինք դիմել՝ նրա հետ
պայմանագիր ստորագրելով, քանի որ շատ քիչ էր ժամանակը և տեսաերիզներով էինք
տեսել իր խաղը, բայց սխալվեցինք: Այդպես էլ է պատահում:
|